Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 186
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 376
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մարտի 2021 թվականի N 376

ԷԼՅԱՆՈՐԱ ԲԱԽՇՈՅԻ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՔԱՐԵ ՑԱՆԿԱՊԱՏԸ ՔԱՆԴԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻՆ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԷԼՅԱՆՈՐԱ ԲԱԽՇՈՅԻ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՏԻ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 10.01.2019 և 03.03.2020 թվականներին կազմված արձանագրության և զեկուցագրերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 10.01.2019 թվականին տրված արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանը (հասցե՝ ք. Վանաձոր, Չուխաջյան փող. 60/34) Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 13 հասցեի հարավային մասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում շուրջ 30 տարի առաջ ինքնակամ կառուցել է շինություն, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք է: 

2019 թվականի հունվարի 10-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2019 թվականի հունվարի 25-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որի հիման վրա Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 11 փետրվարի 2019 թվականին ընդունվել է «Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը եզրափակելու մասին» թիվ 271 որոշումը: Որոշման համաձայն Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանին առաջարկվել է տասնօրյա ժամկետում դիմել համայնքի ղեկավարին՝ իր կողմից կառուցված ինքնակամ շինության օրինականացման հարցով:

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 03.03.2020 թվականին տրվել է նոր զեկուցագիր, որի համաձայն Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանը Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցել է քարե ցանկապատ և իրեն պատկանող ավտոտնակի արևելյան պատի վրա քաղաքաշինական նորմերի խախտումով ապօրինի կատարել է բացվածքներ: 

2020 թվականի մարտի 03-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2020 թվականի մարտի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որի հիման վրա Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 02.04.2020 թվականին ընդունվել է թիվ 067/4341 վարչական ակտը, որով Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանին առաջարկվել է մեկամսյա ժամկետում դիմել համայնքի ղեկավարին՝ իր կողմից ինքնակամ կառուցված շինության օրինականացման հարցով, հակառակ դեպքում իր նկատմամբ կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 20.05.2020 թվականին կազմվել է զեկուցագիր՝ Վանաձոր համայնքի ղեկավարի 02 ապրիլի 2020 թվականին Էլյանորա Ամիրբեկյանին ներկայացված թիվ 067/4341 վարչական ակտը անվավեր ճանաչելու մասին, քանի որ գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ թաղամասը մատակարարող գազի ցածր ճնշման խողովակները և էլեկտրական սնուցման հենասյունը հաշվիչների հետ միասին գտնվում են ինքնակամ զավթած հողամասի տարածքում:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից 21.05.2020 թվականին կազմվել է զեկուցագիր, որի համաձայն տեղեկացվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի 02 ապրիլի 2020 թվականի թիվ 067/4341 վարչական ակտով Էլյանորա Ամիրբեկյանին առաջարկվել է մեկամսյա ժամկետում դիմել համայնքի ղեկավարին՝ իր կողմից ինքնակամ կառուցված շինության օրինականացման հարցով: Էլյանորա Ամիրբեկյանը սույն ակտի մասին իրազեկվել է 09.04.2020 թվականին, ուստի վարչական ակտը ուժի մեջ է մտել 10.04.2020 թվականին և Էլյանորա Ամիրբեկյանը մինչև 10.05.2020 թվականը կարող էր դիմել ինքնակամ շինության օրինականացման հարցով, սակայն նման դիմում չի ներկայացվել:
Իսկ Էլյանորա Ամիրբեկյանի կողմից ինքնակամ զավթած հողամասի տարածքում հայտնաբերված թաղամասը մատակարարող գազի ցածր ճնշման խողովակների և էլեկտրական սնուցման հենասյան հաշվիչների խնդրի հետ կապված առաջարկվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին համայնքի ղեկավարին ներկայացնել ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին որոշման նախագիծ:

Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 23 մայիսի 2020 թվականին Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանին ներկայացվել է թիվ 067/5690 զգուշացումը, որով վերջինիս առաջարկվել է 5-օրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ ապամոնտաժել Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 13 հասցեում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա իր կողմից ինքնակամ կառուցված քարե ցանկապատը, ազատել Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը և իրեն պատկանող ավտոտնակի արևելյան պատի վրա քաղաքաշինական նորմերի խախտումով ապօրինի կատարված բացվածքները (ինքնակամ ձևափոխումները) վերացնել՝ բերելով նախկին տեսքին, հակառակ դեպքում իր նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն Էլյանորա Ամիրբեկյանի կողմից որևէ գործընթաց չի իրականացվել:

17.02.2021 թվականին ՀՀ Լոռու մարզպետի կողմից ներկայացվել է թիվ 01/108,3,1/01210-2021 գրությունը Վանաձոր համայնքի Մաշտոցի փող. թիվ 15 տան բնակիչ Զադիկ Մելիքյանի դիմումը ուսումնասիրելու և սեղմ ժամկետում տեղեկատվություն տրամադրելու մասին:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 19 փետրվարի 2021 թվականին ներկայացվել է զեկուցագիր՝ Վանաձոր համայնքի Մաշտոցի փողոց թիվ 15 տան բնակիչ Զադիկ Մելիքյանի և Չուխաջյան 60/34 հասցեի բնակիչ Էլյանորա Ամիրբեկյանի նկատմամբ  վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից 23.02.2021 թվականին կազմվել է զեկուցագիր՝ ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Նշված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է ինքնակամ կառույցը` համայնքային սեփականություն հանդիսացող և հողամասում կառուցված լինելու փաստը, և այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում, որի վերաբերյալ առկա է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 20.05.2020 թվականին տրված զեկուցագիրը, որի համաձայն տվյալ թաղամասը մատակարարող գազի ցածր ճնշման խողովակները և էլեկտրական սնուցման հենասյունը հաշվիչների հետ միասին գտնվում են ինքնակամ զավթած հողամասի տարածքում, ուստի ինքնակամ շինությունը օրինականացման ենթակա չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝  ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:

ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում, որպես սեփական լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,  ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 58–60-րդ հոդվածներով, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Չօրինականացնել Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 13 հասցեի հարավային մասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանի կողմից ինքնակամ կառուցված քարե ցանկապատը։

2. Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին, աշխատակազմի օժանդակությամբ, քանդել Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 13 հասցեի հարավային մասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված քարե ցանկապատը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը բերել նախկին տեսքին և Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանին պատկանող ավտոտնակի արևելյան պատի վրա իրականացված ինքնակամ ձևափոխումները վերացնել:

3. Առաջարկել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն, Վանաձորի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

4. Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ Վանաձորի համայնքապետարանի կողմից, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված քանդման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերի գումարի չափով պահանջ ներկայացնել դատարան:

5. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի, իրավաբանական բաժնի, հասարակական կարգի պահպանության ծառայության պետի և Վանաձոր համայնքի ղեկավարի վրա։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.61 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner